Անկարային ձեռնտու չէ Patriot համակարգի վաճառքի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկը
Թուրքիան չի կարող ընդունել Patriot տեսակի զենիթահրթիռային համալիրի վաճառքի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը։
«Մենք ԱՄՆ-ին հարցում ենք ուղարկել Patriot-ի վերաբերյալ։ Մեր հարցման պատասխանը ստացվեց մեկուկես տարի անց։ Մենք չենք կարող ընդունել ԱՄՆ-ի առաջարկը ներկայիս պայմաններով», - ասել է Դեմիրը՝ հավելելով, որ ամերիկյան կողմի հետ շարունակվում են ինտենսիվ բանակցություններն այս թեմայով։
Խոսելով ռուսական Ս-400-ի մատակարարման մասին՝ թուրք պաշտոնյան նշել է, որ առաջիկա հուլիսին կսկսվի համակարգի մատակարարումը, իսկ արդեն հոկտեմբերին դրանք կշահագործվեն։ Նրա խոսքով՝ առաջին փուլում Անկարան կստանա երկու օրինակ։
2018 թ․ դեկտեմբերի 18-ին հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների վարչակազմը որոշել է Թուրքիային Patriot տեսակի կահահրթիռային պաշտպանության համակարգ վաճառել, որի ընդհանուր արժեքը կկազմի 3,5 միլիարդ դոլար։
Հիշեցնենք, որ 2017 թ․ դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Ս-400-ի ձեռքբերման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ Անկարան պետք է գնի զենիթահրթիռային այս համակարգի երկու մարտկոց։
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային այս համաձայնագրի համար։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի խոսքով՝ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան Ֆ-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման վրա։
Ի պատասխան՝ Անկարան հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները փորձի կենսագործել հնչեցրած սպառնալիքները։