Խուան Գուաիդոն առանց խոչընդոտների կարողացել է վերադառնալ Վենեսուելա
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն վերադարձել է երկիր և իր համակիրներին հանրահավաքի կոչ արել։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Արդեն մեր սիրելի հողում ենք։ Վենեսուելա, մենք հենց նոր անցանք սահմանային հսկողությունը և գալիս ենք մեր ժողովրդի մոտ», - գրել է Գուաիդոն։
Ինչպես տեղեկացնում է Associated Press գործակալությունը, հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդը ցույց է տվել իր անձնագիրը, որտեղ եղել է սահմանն անցնելու կնիք։
ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի և մի շարք այլ պետությունների դիվանագետներ դիմավորել են նրան, որպեսզի խոչընդոտեն նրա հնարավոր ձերբակալությանը։ Բացի այդ, նա վենեսուելացիներին կոչ է արել հանրահավաք անցկացնել մարտի 9-ին։
Ավելի վաղ Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելել էր նրան դուրս գալ երկրից, սակայն գործչին հաջողվել էր փախչել։ Փետրվարի 22-ին նա եղել էր Կոլումբիայի Կուկուտա քաղաքում, որտեղ գտնվում է Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնությունը։
Մեկ շաբաթվա ընթացքում նա այցելել է Բրազիլիա, Կոլումբիա, Պարագվայ, Արգենտինա և Էկվադոր։
Նախորդ չորեքշաբթի Վենեսուելայի խորհրդարանը, որը գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ, Գուաիդոյին թուլատրել էր երկրից դուրս լինել 5 օրից ավել։