Պակիստանը կրկին գնդակոծել է հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգը
Պակիստանի զինված ուժերը կրկին խախտել են հրադադարի ռեժիմը և ռմբակոծել են Հնդկաստանի հյուսիսային Ջամմու և Քաշմիր նահանգը։ Այս մասին տեղեկացնում է The Indian Express գործակալությունը՝ հղում կատարելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դևենդեր Անանդի հայտարարությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պակիստանյան բանակը տեղի ժամանակով 11։30-ին հրաձգային զինատեսակներով և հրետանիով գնդակոծել է Ջամմու և Քաշմիր նահանգի Նոուշեր շրջանը։ Նշվում է, որ սա արդեն երրորդ նման դեպքն է վերջին 36 ժամվա ընթացքում։ Հնդկական ուժերը ստիպված են եղել պատասխան կրակ բացել։
Ավելի վաղ հնդկական NNI գործակալությունը հայտնում էր, որ պակիստանյան բանակը 03։00-ի սահմաններում ռմբակոծել էր նահանգի մեկ այլ շրջան։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Հնդկաստանը հայտարարել էր «Ջեյշ է Մոհամմադ» խմբավորման ճամբարին ավիահարված հասցնելու մասին, որը գտնվում է Քաշմիր նահանգնի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Արդեն այսօր՝ փետրվարի 27-ին, Պակիստանի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ օդային հարվածներ են հասցրել Ջամու և Քաշմիր նահանգի՝ Հնդկաստանի տիրապետության տակ գտնվող տարածքներին։
Դելին և Իսլամաբադը նաև հայտարարեցին, որ խոցել են միմյանց կործանիչներ։
Հատկանշական է, որ Պակիստանը և Հնդկաստանը միջուկային ակումբի անդամ են, և միջազգային հանրությունն անհանգստացած է այստեղ կայունության խաթարմամբ՝ կողմերին կոչ անելով զսպվածության դրսևորել։
Ջամմու և Քաշմիր նահանգը Հնդկաստանի միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։ Այստեղ իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ։ Այն կռվան է երկու պետությունների միջև դեռ 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, կրոնական հիմքով բաժանվեց երկու մասի։ Ներկայում Քաշմիրում չկա հստակ սահման։ Այն բաժանված է «վերահսկողության գծով»։
Նահանգի հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք կողմ են Հնդկաստանից անկախանալուն։ Դելին մշտապես մեղադրում է Իսլամաբադին ահաբեկիչների աջակցելու մեջ։