ՌԴ ՊՆ-ը հերքում է Իդլիբի անվտանգության գոտուն հարվածներ հասցնելու մասին տեղեկությունները
ՌԴ ռազմաօդային ուժերը որևէ հարված չեն հասցրել սիրիական Իդլիբ նահանգում անվտանգության գոտուն։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի՝ Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտում թիրախավորված հարվածներ հասցնելու մասին ռուսական զանգվածային լրատվության միջոցներում հայտնված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«ՌԴ ռազմաօդային ուժերը հարվածներ չեն հասցրել Իդլիբի անվտանգության գոտուն», - հայտարարել են ՌԴ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ ռուսական ավիացիան, որը տեղակայված է սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայում, կետային հարվածներ է հասցրել ահաբեկիչների՝ Իդլիբում գտնվող դիրքերին։ Նշվում էր, որ հարվածները հասցվել են նահանգի հյուսիսարևմտյան Ջիշր Էլ Շուգուր բնակավայրին։
Լրատվականը գրում էր, որ այս ավիահարվածները նախօրորք համաձայնեցվել էին Անկարայի հետ։