Հայտնի են դարձել մոլորակի լավագույն և վատագույն քաղաքները․ Երևանը 170-րդն է
Իրաքի մայրաքաղաք Բաղդադը, ըստ Mercer խորհրդատվական ընկերության գնահատականների, համարվում է կյանքի որակի տեսանկյունից մոլորակի ամենավատ քաղաքը։ Ապրելու համար լավագույն և վատագույն քաղաքների ցուցակը հրապարակվել է ընկերության կայքում։
Mercer ընկերության մասնագետները ցուցակը կազմելիս հաշվի են առել քաղաքների բնակարանային պայմանները, սպառողական ապրանքների առկայությունը, հասարակական տրանսպորտի վիճակը, սոցիալ-քաղաքական և մշակութային վիճակը, բնական պայմանները, տնտեսական վիճակը և այլ պայմաններ։
Արդյունքում՝ Բաղդադը հայտնվել է վերջին՝ 231-րդ տեղում։ Փոքր-ինչ ավելի լավն են պայմանները Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում, որը հայտնվել է նախավերջին՝ 230-րդ հորիզոնականում։ Վատագույն քաղաքների եռյակը եզրափակել է Եմենի մայրաքաղաք Սանան։
Վատագույն քաղաքների տասնյակում են հայտնվել նաև Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը, Սուդանի մայրաքաղաք Խարթումը, Չադի մայրաքաղաք Նջամենան, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասան և Գվինեայի մայրաքաղաք Կոնակրին։
Մասնագետները հրապարակել են նաև մոլորակի՝ ապրելու համար լավագույն քաղաքները։ Առաջին հորիզոնականում Վիեննան է, որին հաջորդում է Ցյուրիխը, իսկ եռյակը եզրափակում է կանադական Վանկուվերը։
Սրանց հաջորդում են Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևը և Բազելը։
Հայաստանի մայրաքաղաք Երևանն այս ցուցակում զբաղեցրել է 170-րդ հորիզոնականն՝ իր հետևում թողնելով Սանկտ Պետերբուրգին, Կիևին, Մինսկին, Թբիլիսիին, Բաքվին (195-րդ հորիզոնական), Թեհրանին և այլ հայտնի քաղաքների։