Երեք ռազմական ինքնաթիռներ հետախուզական թռիչք են իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտակայքում
ՌԴ Կալինինգրադի շրջանում նկատվել են երեք հետախույզական ինքնաթիռներ։ Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով Plane Radar-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 13։00-ի սահմաններում Ռուսաստանի արևմտյան էքսկլավ Կալինինգրադի մոտակայքում թռիչք են կատարել ամերիկյան երկու ռազմական օդանավ և մեկ շվեդական ռադիոհետախուզական ինքնաթիռ։
Լեհաստանի օդային տարածքում՝ մոտ 8,5 կիլոմետր բարձրության վրա նկատվել է ամերիկյան ռազմաօդային ուժերի P-8A Poseidon ինքնաթիռը՝ 168848 բորտի համարով։ Ինքնաթիռի արագությունը եղել է 730 կմ/ժ։
Բացի այդ, Մեծ Բրիտանիայի Մինդելհոլդ ավիաբազայից օդ է բարձրացել ամերիկյան RC-135V Rivet Joint ինքնաթիռը։ 64-14845 բորտի համարով այս օդանավը նկատվել է Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ՝ 9,6 կիլոմետր բարձրության վրա։ Ինքնաթիռի արագությունը հասել է մինչև 807,5 կմ/ժ-ի։
Միևնույն ժամանակ տեղեկություններ են ստացվել, որ Կալինինգրադի շրջանում թռիչք է իրականացնում շվեդական Gulfstream GIV SP հետախուզական ինքնաթիռը։ Օդանավը նկատվել է Բալթիկ ծովի տարածքում՝ 12,5 կիլոմետր բարձրության վրա։
Վերջին շրջանում բավական ակտիվացել են արտասահմանյան ռազմական ինքնաթիռների հետախուզական թռիչքները Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտակայքում, մասնավորապես՝ Բալթիկ ծովի շրջանում, Կրասնոդարի և Ղրիմի շրջաններում, ինչպես նաև Սիրիայում գտնվող ռուսական ռազմաբազայի մոտակայքում։