Գուաիդոյի համախոներին ձերբակալողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Պոմպեո
Միացյալ Նահանգներն անելու է ամեն ինչ, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի քարտուղար Ռոբերտո Մարերոյի և այլ պատգամավորների ձերբակալության հետ առնչություն ունեցողները։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
«Կարծում եմ՝ գիտենք, թե ովքեր առնչություն ունեն դրա հետ։ Մենք անելու ենք այնպես, որ ամբողջ աշխարհն իմանա նրանց անունները, ինչպես նաև արվելու է ամեն ինչ նրանց պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է Պոմպեոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել էր, որ Բոլիվարյան Հանրապետության հետախուզական ծառայությունները ձերբակալել են իր քարտուղար Ռոբերտո Մարերոյին և պատգամավոր Սերխիո Վերգարուին, որը գլխավորում էր «Ազգային կամք» խմբակցությունը։
Վենեսուելայի ներքին գործերի նախարար Նեստոր Ռեվերոլն ավելի ուշ հայտարարել է, որ Մարերոն ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով։
Նրա խոսքով՝ Մարերոյի տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարտական զենքեր և մեծ քանակությամբ փող՝ օտար արժույթով։
Միացյալ Նահանգները և Լիմայի խմբի երկրները դատապարտել են ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը, իսկ Եվրոպական Միությունը պահանջել է անհապաղ բաց թողնել նրանց։