Ռուսաստանը կասեցրել է զինագործական պլուտոնիումի ոչնչացման մասին ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագիրը

            Այս տարվա հոկտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել մի օրինագիծ, որը նախատեսում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև 2010թ-ին կնքված «զինագործական պլուտոնիումի ոչնչացման մասին համաձայնագրի» կասեցում: Փաստաթղթի համաձայն՝ որոշումը պայմանավորված է «ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում թշնամական գործողություններով»: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:

            Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանը ԱՄՆ-ին ներկայացրել է համաձայնագրի վերականգնման մի քանի պայման: Դրանցից ամենակարևորը, թերևս, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարկումն է, ինչպես  նաև՝ 2000 թվականից ուշ ՆԱՏՕ-ի անդամ դարձած  երկրների տարածքներում տեղակայված ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատումը:

            Ռուս վերլուծաբանների կարծիքով՝ այս որոշումը կարելի է դիտարկել Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա անհամաձայնության հետևանքով ստեղծված «դիվանագիտական կոնֆլիկտի» համատեքստում: Մասնագետները, թերևս, անիրատեսական են համարում այն, որ ԱՄՆ-ը կկատարի Ռուսաստանի կողմից ներկայացված պայմանները:

            Հարկ  նշել, որ հետխորհրդային ժամանակաշրջանում Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում երբեք այսպիսի կոշտ և պայմաններ առաջադրողի դիրքերից հանդես չի եկել:

 

Photo: Getty images

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.