ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայից զորքերի դուրբերումը չեղարկելու հնարավորությունը․ Չավուշօղլու
Միացյալ Նահանգները մտադիր է պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում, եթե երկրի հյուսիսային շրջաններում՝ Թուրքիայի հետ սահմանի երկայնքով տեղակայվեն նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերը։
Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելն առաջին հերթին Թուրքիայի ազգային անվտանգության ապահովվման հարց է։ Սա չի խախտում հարևան պետության տարածքային ամբողջականությունը։ ԱՄՆ-ում ասել են, որ եթե Ասադի ռեժիմը վերադառնա այստեղ, ապա իրենք դուրս չեն գա Սիրիայից», - հայտարարել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ ամերիկյան զորքերի դուրս գալը Սիրիայից «կարևոր է ողջ տարածաշրջանի համար»։
«Այս հարցով մենք բանակցություններ ենք վարում ոչ միայն ԱՄՆ-ի հետ, այլ նաև խորհրդակցություններ են անցկացվում մեր մյուս դաշնակիցների հետ», - շարունակել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։
Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։