Պեսկովը բացառել է Սիրիայի խաղաղ բնակչության դեմ հարձակումներին ռուս զինվորականների մասնակցությունը

            Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ բացառում է ռուս զինվորականների մասնակցությունը Սիրիայի խաղաղ բնակչության դեմ հարձակումներին: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:

            «Ես բացառում եմ ռուս զինվորականների որևէ մասնակցություն Սիրիայի խաղաղ բնակչության դեմ հարձակումներին, դա անհնար է: Ռուս զինվորականները դեռևս կատարում են իրենց առջև դրված պարտականությունները, պայքարում են ահաբեկչական խմբավորումների, կոնկրետ այդ տարածքում (նկատի ունի Հալեպը – խմբ.)՝ «Ջաբաթ ալ Նուսրայի» դեմ»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ իրենք հումանիտար միջանցք են ստեղծել Հալեպի բնակիչների համար, որպեսզի վերջիններս կարողանան փախչել ահաբեկիչների հսկողության տակ գտնվող տարածքներից:

            Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել է Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող արտակարգ իրավիճակը: Նիստի ընթացքում արևմուտքի երկրները փորձել են իրավիճակի սրման մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ սիրիացի դիվանագետի ելույթի ժամանակ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները դեմոնստրատիվ կերպով լքել են դահլիճը:

 

Фото: РИА Новости

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.