Վանում հնագետները հայտնաբերել են 2800 տարվա վաղեմություն ունեցող քաղաքային կոյուղի

            Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Չավուշթեփե ամրոցի շրջանում հնագետները հայտնաբերել են ուրարտական շրջանի քաղաքային կոյուղի: Հնագետներն ամբողջությամբ ուսումնասիրել են մոտ 2800 տարի առաջ ստեղծված ստորգետնյա ջրահեռացման խողովակների ցանցը: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով թուրքական Hurriyet պարբերականին:

            Հնագետների ուսումնասիրությունների համաձայն՝ խողովակների տրամագիծը հասնում է մեկ մետրի: Դրանք պատրաստվել են իրար ամրացված քարերից և անցել են քաղաքի տակով՝ որոշակի խորության վրա:

«Մենք գործ ունենք ինժեներական հրաշքի հետ», - ասել է հնագետների խմբի ղեկավարը. այնուհետև ավելացրել է, - «Ուրարտուի բնակիչների մանրակրկիտ մտածել են՝ որտեղ ինչ կառուցել: Նրանք շատ քաղաքակիրթ են եղել և իրենց պալատները կառուցել են ջրահեռացման այնպիսի համակարգերով, որ կարելի է անգամ համեմատել այսօրվա համակարգերի հետ»:

Չավուշթեփե ամրոցը գտնվում է Գյունփընար քաղաքից (գտնվում է Վանի նահանգում) 25կմ հեռավորության վրա: Ամրոցն ունի երկու մասնաշենք՝ վերին և ստորին, և երկուսն էլ կառուցվել է ուրարտական թագավոր Սարդուրի 2-րդի (մ.թ.ա. 764-735թ.թ.) կողմից:

Ուրարտական կամ Վանի թագավորությունը գոյություն է ունեցել Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում: Թագավորների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», «Նաիրի», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»:

 

Photo: arkeolojihaber.net

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.