Ջոն Քերին հայտարարել է, որ սիրիական հարցում ռուսներն իրենից խորամանկ գտնվեցին

            ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ սիրիական հարցում ռուսներն իրենից  խորամանկ գտնվեցին: Այս մասին գրում է New York Times պարբերականը՝ հղում անելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ արված 40 րոպենոց ձայնագրությանը:

            Պարբերականի համոզմամբ՝ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի և շահագրգիռ մի քանի երկրի դիվանագետների միջև հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին՝ Սիրիայի ընդդիմության և կառավարական ուժերի միջև հրադադարի ժամկետը լրանալուց մի քանի օր անց: Հանդիպմանը Քերին մի քանի անգամ դժգոհել է, որ սիրիական հարցում իր դիրքորոշումն աջակցություն չի ստանում Սպիտակ տան կողմից: Վերջինիս հետ Ջոն Քերիի անհամաձայնությունն գործնականում գաղտնիք չէ: Ձայնագրության մեջ նա բացահայտ կերպով ասում է, որ ռուսները խորամանկությամբ գերազանցեցին իրեն: Քերին նաև ասում է, որ Կոնգրեսը երբեք չի համաձայնի ուժ կիրառել: «Մեզնից շատ ոչ ոք հիասթափված չէ: Մենք փորձում ենք գործերն առաջ տանել միայն դիվանագիտական ճանապարհով, և ես շատ եմ ափսոսում դրա համար»,- մեջբերում է New York Times-ը:

            Պետքարտուղարի արած մեկ այլ հատարարություն պակաս զարմանալի չեղավ: Նրա խոսքով՝ Սիրիայի նախագահական ընտրություններին պետք է մասնակցի գործող նախագահ Բաշար Ասադը: Այս հայտարարությունը հատկանշական է նրա համար, որ հակասում է Օբամայի և Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշմանը: Քերին նշել է նաև, որ իրենք իրավական հիմքեր չունեն՝ գրոհելու Ասադի իշխանությունը, մինչդեռ ռուսական զորքը Սիրիայում է՝ հենց իշխանությունների հրավերով:

            Պարբերականի համաձայն՝ հավաքի մասնակիցները հեռացել են այն համոզմամբ, որ ԱՄՆ-ից այլևս պետք չէ ակնկալել որևէ էական օգնություն:

 

Photo: townhall.com

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.