Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է «Թուրքական հոսքի» մասին համաձայնագիր

            Հոկտեմբերի 10-ին Ստամբուլում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

            Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը (նա նաև նախագահ Էրդողանի փեսան է՝ աղջկա ամուսինը - խմբ.):

            Ծրագիրը նախատեսում է Ռուսաստանի Կրասնոդարի շրջանից Թուրքիա (ավելի կոնկրետ՝ Արևելյան Թրակիա) գնացող գազատար խողովակաշարի կառուցում, որն անցնելու է Սև ծովի տակով: Ակնկալվում է, որ գազատարի առաջին գիծը (15,75 միլիարդ խորանարդ մետր) սպասարկելու է թուրքական շուկան, իսկ երկրորդով նախատեսվում է գազն արտահանել Եվրոպա:

            Նշենք, որ գազամուղի կառուցման ծրագիրը սառեցված էր անցյալ տարվա նոյեմբերից, երբ Թուրք-սիրիական սահմանին թուրքական Զինված ուժերը խոցեցին ռուսական ռազմական ինքնաթիռը: Ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսել են այս տարվա օգոստոսին՝ Թուրքիայի նախագահի՝ Սանկտ-Պետերբուրգ կատարած այցից հետո: 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.