Կոալիցիոն ուժերի ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են իրականացրել Հալեպի շրջանում
Հոկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերը ռմբակոծել են Հալեպի շրջանի գյուղերից մեկը, ինչի արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:
Ռուս զինվորականների հավաստմամբ՝ ավիահարվածը հասցվել է գիշերվա ժամին՝ Հալեպի Հասաջեկ գյուղի ուղղությամբ: Արդյունքում ոչնչացել է բնակելի երկու տուն: Զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ չորսը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ իրենք դեպքի վայրում արձանագրել են F-16 տեսակի ռազմական երկու ինքնաթիռ, որոնք պատկանում են Բելգիայի Թագավորությանը:
Տեղի ունեցածի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել նաև ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ պետք է անհապաղ արձագանքի տեղի ունեցածին և դատապարտի խաղաղ բնակչության ռմբակոծումը բելգիական օդուժի կողմից:
Բելգիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Տոկովինինը հենց դեպքի օրը կանչվել է Բելգիայի արտաքին գործերի նախարարություն: Այստեղ դեսպանին տարակուսանք են հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից, առանց ճշգրիտ փաստեր ունենալու, Բելգիային նման մեղադրանք ներկայացնելու կապակցությամբ: Ավելի վաղ, Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարար Սթիվեն Վանդեպուտը հայտարարել էր, որ իրենք ավիահարվածներ չեն հասցրել Հալեպի շրջանում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: