Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է մինչև երդմնակալության արարողությունը հանդիպել ՌԴ նախագահի հետ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է , որ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է մինչև երդմնակալության արարողությունը հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ նախագահի թեկնածուն հայտարարությունն արել է հոկտեմբերի 18-ին՝ ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ: Լրագրողի այն հարցին, թե ինչպես է հանրապետական թեկնածուն նախագահ դառնալու դեպքում պատրաստվում կարգավորել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա կոնֆլիկտը, որը կարող է ավելի մեծանալ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ներկայիս նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականության հետևանքով, Թրամփը պատասխանել է. «Օբաման՝ որպես նախագահ կոմպետենտ չէ, իսկ Քլինթոնը՝ նրանից ավելի: Նրանք միջուկային համաձայնագիր են ստորագրել, իսկ Ռուսաստանն այդ դաշտում զգալիորեն գերազանցում է մեզ: Քլինթոնը շատ կոշտ է խոսում Ռուսաստանի հետ, ինչը ես նրան խորհուրդ չէի տա»: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք այս աստիճան վատ չեն եղել սառը պատերազմից հետո:

Դոնալդ Թրամփի այս հայտարարությունն անարձագանք չմնաց Մոսկվայի կողմից: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրական է գնահատել նախագահի թեկնածուի հայտարարությունը: «Ռուսաստանը պատրաստ է երկխոսության գնալ նախագահի յուրաքանչյուր թեկնածուի հետ, եթե վերջինիս կողմից զգա համագործակցելու պատրաստակամություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.