Հալեպում տիրող իրավիճակի և Մոսուլի ազատագրման գործողության տարբերությունների մասին ռուսական կողմի մեկնաբանությունը

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբիի՝ Հալեպում տիրող իրավիճակի և Մոսուլի ազատագրման գործողության առանցքային տարբերությունների մասին հայտարարությունը: Այս մասին գրում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:

ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ իրականում մեծ տարբերություն կա Մոսուլի օպերացիայի և Հալեպում տիրող իրավիճակի միջև: Նա նշել է, որ Հալեպում շուրջ երկու շաբաթ է՝ սիրիական ավիացիան և ռուսական օդատիեզերական ուժերը չեն գործում, մինչդեռ Մոսուլն ամենօրյա հարվածների է ենթարկվում ամերիկյան տարատեսակ  ռմբակոծիչների կողմից: «Հալեպում մենք երկու միջանցք ենք բացել, որ զինյալները հնարավորություն ունենան քաղաքը լքելու, իսկ Մոսուլում կոալիցիոն ուժերը հայտարարում են «երկաթյա օղակի» մասին», - ասել է Կոնաշենկովը:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ իրենք անհանգստացած են խաղաղ բնակչության ճակատագրով և փորձում են պաշտպանել վերջիններիս: Նա նշել էր նաև, Հալեպում տիրող իրավիճակը Մոսուլի գրավման օպերացիայի հետ համեմատելը վիրավորական է իրենց համար, քանզի Մոսուլում իրենք հարվածում են բացառապես ԻՊ-ի ուղղությամբ, իսկ Հալեպում ռուս-սիրիական հարվածներից տուժում է խաղաղ բնակչությունը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.