ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԻՊ զինյալները հնարավոր է անցած լինեն Մոսուլից Սիրիա

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Մոսուլում շրջափակման մեջ գտնվող ԻՊ զինյալները կարող են անցնել Սիրիա, գրում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Պենտագոնի ղեկավարն այս մասին խոսել է ԱՄՆ Միսսուրի նահանգի ռազմաբազայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողի այն հարցին, թե ԻՊ զինյալներին Մոսուլից դեպի Սիրիա մղելը նախապես ծրագրված եղել է, թե ոչ, Քարթերը պատասխանել է,- «Ծրագրով նախատեսված է Մոսուլը շրջափակել հարավից, հյուսիսից և արևելքից, իսկ արևմուտքում մնացած բաց հատվածը կարևոր է, որ խաղաղ բնակիչները կարողանան լքել քաղաքը: Հնարավոր է՝ Սիրիա անցած լինեն ԻՊ զինյալներ: Մենք կոչնչացնենք նրանց Սիրիայում»:

Նշենք, որ հոկտեմբերի 17-ից Իրաքի կառավարական ուժերը և իրաքյան քրդերի ինքնապաշտպանական ջոկատները, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ, սկսել են ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը: 2014թ-ի հունիսից Մոսուլը Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է և համարվում է Իրաքում ԻՊ կենտրոնը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.