Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է քրդական «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահներին ու նույն կուսակցության ևս 9 պատգամավորի

Նոյեմբեր 3-ի լույս 4-ի գիշերը թուրքական ոստիկանությունը ձերբակալել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին ու Ֆիգեն Յուքսեքդաղին, ինչպես նաև նույն կուսակցությունը ներկայացնող ևս 9 պատգամավորի (Անկարայից ընտրված Սըրրը Սյուրեյյա Օնդերին, Դիարբեքերից՝ Իդրիս Բալուքենին, Զիյա Փիրին, Նուրսել Այդողանին, Շըրնաքից՝ Լեյլա Բիրլիքին, Ֆերհաթ Էնջյուին, Սելմա Ըրմաքին, Հաքքարիից՝ Աբդուլլահ Զեյդանին, Մարդինից՝ Գյուլսեր Յըլդըրըմին): Այս մասին հաղորդում է թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականը:

«Անադոլու» գործակալության տեղեկություններով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձին հաջորդած հակաահաբեկչական գործողության շրջանակներում: «Միլլիյեթ» թերթի հրապարակման մեջ բերված են շրջանառվող հիմնական մեղադրանքները, որոնց թվում են ահաբեկչական կառուցներին անդամակցելը, ահաբեկչության քարոզչությամբ զբաղվելը, Թուրք ազգը, Հանրապետությունն ու ԹԱՄԺ-ը նսեմացնելը և այլն:

«Հաբերթյուրք» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կատարված ոստիկանական գործողության վերաբերյալ համապատասխան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ ձերբակալությունները կատարվել են Դիարբեքիր, Շըրնաք, Հաքքարի, Վան և Բինգյոլ նահանգների դատախազությունների պահանջով:

 «Թյուրքիյե» թերթի տեղեկատվության համաձայն՝ գործողությանը զուգընթաց՝ սկսած տեղական ժամանակով գիշերը 02:00-ից Թուրքիայի տարածքում չեն գործում «Facebook» «Whatsapp», «Twitter» և «Youtube» սոցիալական ցանցերը: ԺԴԿ համանախագահ Ս. Դեմիրթաշը, սակայն, հասցրել է թվիթերյան միկրոբլոգում տեղեկացնել իր մոտալուտ ձերբակալության մասին: «Դիարբեքիրում իմ տան դռան մոտ անվտանգության մարմինների աշխատակիցներն են՝ ձերբակալության վերաբերյալ համապատասխան որոշմամբ», - գրել է Դեմիրթաշը:

ԺԴԿ մեկ այլ պատգամավոր Էրթուղրուլ Քուրքչուն, ով այս պահին գտնվում է երկրից դուրս BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ ձերբակալությունները «լիովին անօրինական են»: Նրա խոսքերով՝ օրեր առաջ երկրի ամենահին աշխարհիկ թերթի՝ «Ջումհուրիյեթի» խմբագրությունում և այս գիշեր ԺԴԿ ղեկավարների տներում տեղի ունեցած ձերբակալությունները վկայում են այն մասին, որ «թուրքական կառավարությունը շարժվում է դեպի նացիստական մոդելի բռնապետություն»:

Թուրք և օտարերկրյա վերլուծաբանները նկատում են, որ տեղի ունեցածն, ամենայն հավանականությամբ, բռնության նոր ալիք կհարուցի երկրում: Դրա առաջին նշաններն արդեն իսկ ի հայտ են եկել. տեղական ժամանակով առավոտյան 08:00-ին պայթյուն է որոտացել Դիարբեքիրի Բաղլար շրջանի ահաբեկչության դեմ պայքարի վարչության շենքի տարածքում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.