Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական համատեղ զորամիավորում ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել

Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել հայ-ռուսական համատեղ զիրամիավորում ստեղծելու Ռուսաստանի կառավարության առաջարկին: Այս մասին հայտնում է ռուսական «Տասս» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ երկու երկրների միացյալ զորամիավորումը ստեղծվում է տարածաշրջանում հնարավոր սպառնալիքներին դիմակայելու նպատակով: Ըստ համաձայնագրի՝ համատեղ զորախմբի ղեկավարին նշանակելու է հայկական կողմը՝ Ռուսաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ:

Փաստաթղթում նշվում է, որ խաղաղ ժամանակ զորամիավորումը ենթարկվելու է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբին, իսկ պատերազմական իրավիճակում՝ Ռուսաստանի Հարավային օկրուգի զորքերի հրամանատարությանը:

Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի 5 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո այն ևս 5 տարով կերկարաձգվի, եթե կողմերից որևէ մեկը համագործակցությունը դադարեցնելու ցանկություն չհայտնի:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.