Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ում Ղրիմի հարցով բանաձևի նախագծին
Նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեում «Մարդու իրավունքների իրավիճակը Ղրիմի ինքնավար հանրապետությունում և Սևաստոպոլում» խորագրով բանաձև է ընդունվել, որով Ռուսաստանին կոչ է արվում թույլ տալ թերակղզի մուտք գործել միջազգային դիտորդական խմբի: Այս մասին հայտնում է ռուսական «Տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ բանաձևի ընդունման քվեարկությանը մասնակցել են ՄԱԿ-ի անդամ ոչ բոլոր երկրների ներկայացուցիչները: Փաստաթղթին կողմ է քվեարկել 73 երկրի ներկայացուցիչ (ԱՄՆ, Կանադա, բազմաթիվ Եվրոպական երկրներ և այլն): 23 դեմ արտահայտվածների թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Սերբիան, Կուբան, Ղազախստանը, Բելառուսը, Սիրիան, Չինաստանը, Վենեսուելան և այլն: 76 երկիր, այդ թվում նաև ՀԱԿՊ անդամ Ղրղզստանը և Տաջիկստանը, ձեռնպահ է մնացել քվեարկությանը:
Ուկրաինական Ռադայի առաջին փոխխոսնակն իր ելույթում, անդրադառնալով հայկական կողմի Ռուսաստանի օգտին քվեարկելուն, ասել է, որ իրենք հարգում են Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հատուկ փոխհարաբերություններ ունենալու իրավունքը:
Հատկանշական է, որ նախքան բանաձևի քվեարկությունն ՄԱԿ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հանդես է եկել համապատասխան ելույթով, որով մասնավորապես, դատապարտել է անջատողականությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, աջակցություն հայտնվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը` ՄԱԿ-ի ԳԱ 68/262 բանաձևի դրույթներին համապատասխան և կոչ արել բոլոր հակամարտությունները լուծել միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն:
ԳԱ նույն նիստի ընթացքում ընդունվել է ևս 2 փաստաթուղթ: Կատարի ու ԱՄԷ-ի անունից ներկայացվել և 116 կողմ, 15 դեմ և 49 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է «Մարդու իրավունքների իրավիճակը Սիրիայում» ամենամյա զեկույցը: 85 կողմ, 35 դեմ, 63 ձեռնպահ ձայներով ընդունվել է նաև Կանադայի կողմից ներկայացված «Մարդու իրավունքների իրավիճակն Իրանում» բանաձևը: