Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման չնախատեսված զրույց են ունեցել

Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարճ երկխոսություն են ունեցել Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, որը կայացել է Պերուի մայրաքաղաք Լիմայում: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ կարճ առանձազրույցը տեղի է ունեցել մինչև նիստի սկսվելը, և այն նախապես ծրագրված չի եղել:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, անդրադառնալով երկու երկրների առաջնորդների զրույցին, նշել է. - «Կարճ երկխոսության ընթացքում նախագահներն ափսոսանք են հայտնել, որ Ուկրաինայի հարցում չի հաջողվել հասնել էական առաջընթացի: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ առաջնոդներն ընդգծել են, որ առաջիկա երկու ամիսն անհրաժեշտ է օգտագործել սիրիական հարցի կարգավորման ուղիներ փնտրելու համար: Այս համատեքստում նախագահները նշել են, որ Լավրովը և Քերին կշարունակեն շփումները»:

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ առաջարկել է Օբամային այցելել Ռուսաստան, երբ որ վերջինս կցանկանա: ԱՄՆ-ի նախագահն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի առաջնորդի հետ չի քննարկել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները: Վերջինիս խոսքով՝ զրույցը եղել է «ինչպես առաջ շարժվել» թեմայով:

Նշենք, որ Լիմայում կայացած գագաթնաժողովը վերջին միջազգային խոշոր միջոցառումն էր, որին Օբաման մասնակցում է որպես ԱՄՆ-ի նախագահ: Վերջինիս պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա հունվարի 20-ին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.