Դոնալդ Թրամփը հակված է պետքարտուղարի պաշտոնում նշանակել Միթ Ռոմնիին. WSJ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում հակված է նշանակել Մասսաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին. գրում է ամերիկյան «The Wall Street Journal» թերթը:

Աղբյուրի համաձայն՝ Թրամփի անցումային թիմի խորհրդականների խումբը դրդում է վերջինիս կատարել այդ ընտրությունը: Տեղեկություն կար, որ պետքարտուղարի անունը պարզ կդառնա մինչև նոյեմբերի 22-ը, սակայն, ինչպես տեսնում ենք, Թրամփը դեռ լռում է:

Պարբերականը գրում է նաև, որ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար կդառնա գեներալ Ջեյմս Մատիսը, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը կզբաղեցնի Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հելին:

69-ամյա Միթ Ռոմնին հանրապետական կուսակության անդամ է: 2012թ-ին նա մասնակցել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, որտեղ պարտվել է գործող նախագահ Բարաք Օբամային: Ռոմնին եղել է Իրաք և Աֆղանստան ամերիկյան զորքերի խնդրահարույց ներխուժման ակտիվ աջակիցներից: Նա կտրուկ քննադատել է Օբամային՝ Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ ապստամբներին բավարար աջակցություն ցույց չտալու համար: Այս գործիչը հայտնի է նաև Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հասցեին իր կոշտ հայտարարություններով: Իր գրքում նա գրել է, որ Ռուսաստանը համարվում է ԱՄՆ-ի գլխավոր թշնամին:

2016թ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռոմնին բազմիցս հանդես է եկել Թրամփի հասցեին ամենասուր քննադատություններով: Վերջինիս հետ նա պայքարել է հանրապետականների ներկուսակցական փրայմերիզի ժամանակ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.