Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել ռուսական լրատվամիջոցներին հակազդելու վերաբերյալ փաստաթղթին

Նոյեմբերի 23-ին Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում պայքարել Կրեմլի քարոզչության դեմ: Փաստաթղթի համաձայն՝ «Sputnik» լրատվական գործակալությունը և «RT» հեռուստաալիքը Եվրոպայի համար ոչ պակաս վտանգավոր են, քան արմատական իսլամիստները: Այս մասին հայտնում է «Euronews» լրատվական գործակալությունը:

Բանաձևի ընդունման համար քվեարկությանը մասնակցել է 691 պատգամավոր: Փաստաթղթին կողմ է քվեարկել 304, իսկ դեմ՝ 179 պատգամավոր: Եվս 208 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը ֆինանսավորում է ԵՄ անդամ երկրների ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին և կազմակերպություններին: Բանաձևի հեղինակների խոսքով՝ Եվրոպական Միության հետ հարաբերություններում Ռուսաստանը վարում է թշնամական քարոզչություն: Բազմաթիվ պատգամավորներ իրենց ելույթներում ռուսական քարոզչությանը հակազդելը համեմատել են Իսլամական պետության դեմ պայքարի հետ: Նշվում է նաև, որ բանաձևի հեղինակներն առաջարկել են հակաքարոզչություն իրականացնելու համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել:

Ընդունված փաստաթուղթը կրում է խորհրդատվական բնույթ և չի պարտադրում ԵՄ անդամ երկրներին կատարել այն:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.