Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի եվրաինտեգրման հարցով բանակցությունները սառեցնելու մասին բանաձև

Նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում բանաձև է ընդունել, որով կոչ է արվում ԵՄ-ին սառեցնել Թուրքիայի հետ եվրաինտեգրման հարցով բանակցությունները: Այս մասին հայտնում է «Եվրոնյուզը»:

Աղբյուրի համաձայն՝ բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 479, դեմ՝ 37 պատգամավոր: 107 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Այս որոշումը պայմանավորված է Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձից հետո իշխանությունների սկսած ճնշումների, ապօրինի ձերբակալությունների, մահապատիժը վերականգնելու մասին հայտարարությունների հետ:

Թուրքիայի Եվրպական Միության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը մեկնաբանել է Եվրախորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքները, - «Այն ժամանակ, երբ Թուրքիան ակտիվորեն պայքարում է ահաբեկչության դեմ, Եվրոպայում անցկացվում են միակողմանի և ոչ հեռանկարային քննարկումներ»:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ստրասբուրգում ընդունվելիք որոշումն իրենց համար ոչ մի արժեք չունի:

Ընդունված որոշումը, սակայն, ընդհամենը քաղաքական ուղերձ էր Եվրոպական Միության անդամ երկրներին: Եվրախորհրդարանը իրավասու չէ կասեցնել Թուրքիայի եվրաինտեգրման հարցով բանակցությունները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.