ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին համակերպվել դաշինքի ընդլայնման հետ

Նոյեմբերի 24-ին ՕքսՖորդի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է «հաշտվի» դաշինքի ընդլայնման հետ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:

«ՆԱՏՕ-ի գործողությունները կրում են պաշտպանական բնույթ: Մենք չենք ցանկանում նոր սառը պատերազմ և խուսափում ենք Ռուսաստանի հետ առճակատումից», - ասել է Սթոլթենբերգը:

Գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդումը Արևելյան Եվրոպայում ներկայացրել է որպես «պատերազմը կանխելու համար Ռուսաստանին զսպելու» քաղաքականություն: Դաշինքի ղեկավարը նշել է նաև, որ իրենք, ամեն դեպքում, պատրաստ են Ռուսաստանի հետ երկխոսության գնալ:

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Ռուսաստանը սադրանք համարում այն, որ ՆԱՏՕ-ն, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում նոր դաշնակիցներ ձեռք բերելով, ընդլայնում է իր աշխարհագրությունը: Ոչ  թե դաշինքն է ընդլայնվել դեպի արևելք, այլ Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Հունգարիան են դիմել անդամակցության համար: Ռուսաստանը պետք է հանգստանա և ընդունի այն փաստը, որ իր հարևաններն իրենք են ընտրում իրենց ուղին», - ավելացրել է Սթոլթենբերգը:

Նշենք, որ այս տարվա հուլիսին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշում են կայացրել դաշինքի 4000-անոց ռազմական ստորաբաժանում տեղակայել Արևելյան Եվրոպայում (ավելի կոնկրետ՝ Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում): Սառը պատերազմից հետո սա դաշինքի ուժերի ամենամասշտաբային կենտրոնացումն է տվյալ տարածաշրջանում, ինչը, իհարկե, չի կարող չանհանգստացնել Ռուսաստանի ղեկավարությանը:
 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.