Քերին ցանկանում է օր առաջ համաձայնության գալ Ռուսաստանի հետ. WP

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, չնայած մոտալուտ պաշտոնաթողությանը, ջանք չի խնայում Հալեպի հարցով Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար, գրում է Washington Post-ը:

Աղբյուրի համաձայն՝ Քերին աներևակայելի դիվանագիտական ջանքեր է գործադրում Ռուսաստանի հետ Հալեպի պաշարմանը վերջ տալու համաձայնություն ձեռք բերելու համար: Պարբերականը նշում է, որ Քերին մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Հալեպի հարցը քննարկել են նաև Պերուի մայրաքաղաքում կայացած Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ:

Washington Post-ի տվյալներով՝ Քերին մտավախություն ունի, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական լիազորությունները ստանձնելուց հետո Մոսկվայի հետ նոր համաձայնություններ ձեռք կբերի, ինչի արդյունքում՝ Վաշինգտոնը ուղղակիորեն կհայտնվի Ասադի աջակիցների կողմում:

Վերջին մեկ ամսվա ընթացքում իրավիճակը Հալեպում կտրուկ սրվել է. քաղաքում և դրա շրջակայքում ընթանում են կատաղի մարտեր: Ահաբեկիչները քաղաքի արևելյան շրջաններում պատանդ են պահում մոտ 200-300 հազար խաղաղ բնակչի:

Սիրիայի հարցով հաշտեցման ռուսական կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ նոյեմբերի 27-ին սիրիական զորքերը ահաբեկիչներից ազատագրել են Հալեպի 8 թաղամաս, որտեղից տարհանվել է մոտ 2500 խաղաղ բնակիչ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.