Հայտնի է ֆրանսիայի հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուի անունը

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հաղթել է  Ֆրանսիայի աջ պահպանողական հանրապետական կուսակցության ներկուսակցական ընտրություններում: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ ներկուսակցական ընտրություններն անցացվել են երկու փուլով: Առաջին փուլում, որն անցկացվել է նոյեմբերի 20-ին, Ֆիյոնն անսպասելի հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 44,1%-ը: Ալեն Ժուպեն, հավաքելով 28,6% ձայն, Ֆիյոնի հետ անցել է երկրորդ փուլ, իսկ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դուրս է մնացել պայքարից՝ հավաքելով 20,7% ձայն: Երկրորդ փուլում Ֆրանսուա Ֆիյոնը հավաքել է 66,6% ձայն, իսկ Ալեն Ժուպեն՝ 33,4%: Նշվում է, որ Ալեն Ժուպեն և Նիկոլա Սարկոզին արդեն ընդունել են իրենց պարտությունը ներկուսակցական ընտրություներում և շնորհավորել են Ֆիյոնին հաղթանակի կապակցությամբ:

Նշենք, որ 2007-2012 թվականներին, երբ Ֆրանսիայի նախագահը Նիկոլա Սարկոզին էր, Ֆրանսուա Ֆիյոնը զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը, իսկ Ալեն Ժուպեն նույն պաշտոնին եղել է 1995-1997 թվականներին. այդ ժամանակ Ֆրանսիայի նախագահը Ժակ Շիրակն էր:

Աջ պահպանողական հանրապետական կուսակցությունը Ֆրանսիայի ամենախոշոր ընդդիմադիր ուժն է: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ հաջորդ տարվա ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի հենց Ֆրանսուա Ֆիյոնը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.