ԱՄՆ-ն 350 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինային

Հաջորդ տարի ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է 350 միլիոն դոլար տրամադրել Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն: Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ Սենատի Զինվորական ծառայության հանձնաժողովի ներկայացուցչի՝ նոյեմբերի 30-ին արած հայտարարությանը:

Աղբյուրի հավաստմամբ՝ գումարի օգտագործման վերաբերյալ որոշումները կայացնելու է ԱՄՆ նախագահը, և դրա համար ոչ մի լրացուցիչ պայմաններ նախատեսված չեն:

Սենատի Զինվորական ծառայության հանձնաժողովից հայտնում են, որ բյուջեի օրինագծի տեքստում ներառված է մի հոդված, որը նախատեսում է Եվրոպայում ամրապնդվելու համար ՆԱՏՕ-ին տրամադրել 3,4 միլիարդ դոլար: Այս պահին Կոնգրեսի երկու պալատներում ավարտվել է 2017թ-ի ռազմական բյուջեի քննարկումը, որի քվեարկությունը նախատեսված է անցկացնել մինչև այս շաբաթվա վերջ: Ռազմական բյուջեի ընդհանուր ծավալը կազմում է 618,7 միլիարդ դոլար:

Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար ֆինանսական միջոցներ նախատեսված էր Պենտագոնի այս տարվա բյուջեում ևս, սակայն այս անգամ ԱՄՆ-ի ղեկավարությանն այդ գումարների օգտագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություններ տրված չէր:

Նշվում է նաև, որ ԱՄՆ Սենատում քննարկվում է ևս մի օրինագիծ, որը նպատակ ունի ավելի խստացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.