Էրդողանը ցանկանում է Ասադին հեռացնել իշխանությունից

Թուրքական բանակը գործողություն է սկսել Սիրիայի տարածքում, որի նպատակը նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելն է: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոյեմբերի 29-ի հայտարարությանը:

«Մեզ պետք չեն սիրիական հողերը: Մենք այնտեղ ենք, որ վերականգնենք արդարությունը և վերջ տանք դաժան բռնակալ Ասադի տիրապետությանը, ով աջակցում է պետական ահաբեկչությանը», - ասել է Էրդողանը:

Նոյեմբերի 26-ին Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ժամանակ երկու նախագահները մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:

Մոտ մեկ ամիս առաջ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը շարժվում է դեպի Մանբիջ և Ռաքքա: Նշենք նաև, որ այս տարվա օգոստոսի 24-ից Թուրքիայի զինված ուժերը սիրիական ազատ բանակի օժանդակությամբ իրականացնում են «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որի նպատակն է Սիրիայի հյուսիսային Ջերաբլուս քաղաքն ազատագրել ԻՊ գրոհայիններից: Այս գործողությամբ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսային շրջաններում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.