Պեսկովը մեկնաբանել է Ասադին հեռացնելու մասին Էրդողանի հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու մասին խոսքերը չեն համընկնում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Մոսկվայի տեսակետի հետ. Կրեմլում հույս ունեն, որ Անկարան այս առիթով բացատրություն կտա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Էրդողանի հայտարարությունն իսկապես նորություն էր: Այն ամբողջովին հակասում է նախորդ հայտարարությանը և Սիրիայի հարցում մեր դիրքորոշմանը: Շատ կարևոր է հիշել, որ մեր Զինված ուժերը գտնվում են Սիրիայում՝ տեղի օրինական իշխանությունների առաջարկով», - լրագրողների հետ զրույցում նշել է Պեսկովը:

Նա նաև հավելել է, որ վաղ է խոսել ռուս-թուրքական հարաբերությունների վրա Էրդողանի հայտարարության ազդեցության մասին:

Ավելի վաղ՝ Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ, Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը Սիրիայի տարածքում են՝ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու նպատակով:

Նշենք նաև, որ այս տարվա օգոստոսի 24-ից Թուրքիայի զինված ուժերը սիրիական ազատ բանակի օժանդակությամբ իրականացնում են «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որի նպատակն է Սիրիայի հյուսիսային Ջերաբլուս քաղաքն ազատագրել ԻՊ գրոհայիններից: Այս գործողությամբ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսային շրջաններում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.