Սիրիական ընդդիմությունը և Ռուսաստանը բանակցում են առանց ԱՄՆ-ի

«Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան» հաստատել է այն տեղեկությունը, որ Անկարայում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի  և սիրիական  ընդդիմության ներկայացուցիչների միջև Հալեպում տիրող իրավիճակի կարգավորման հարցով: Այս մասին ռուսական «Ռիա Նովոստիին» հայտնել է սիրիական ընդդիմության կոալիցիայի ներկայացուցիչ Սամիր Նաշարը:

Նրա խոսքով՝ հանդիպումները տևել են 3 օր: Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասին, սակայն, սիրիական ընդդիմության ներկայացուցիչը տեղեկություն չի տվել: Նա հավելել է նաև, որ կողմերը փորձում են Հալեպում ստեղծված իրավիճակի կարգավորման ծրագիր մշակել՝ ՄԱԿ-ի դեսպանորդ Ստեֆան Դե Միստուրայի առաջարկի հիման վրա. այն է՝ բնակչությանը տարհանելու համար ստեղծել անվտանգ միջանցքներ և դադարեցնել կրակը:

Սիրիական ընդդիմության ներկայացուցչի տեղեկությունների համաձայն՝ Հալեպում պաշարման մեջ մնացած խումբը որոշում է կայացրել չհեռանալ քաղաքից և մինչև վերջ կռվել: «Քաղաքում կռվող խումբն արդեն ինքն է որոշումներ կայացնում և սկսել է չենթակվել քաղաքից դուրս գտնվող հրամանատարությանը», - ավելացրել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Financial Times-ը տեղեկություն էր տարածել Ռուսաստանի և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջև Հալեպում տիրող իրավիճակի շուրջ Թուրքիայում ընթացող գաղտնի բանակցությունների մասին: Աղբյուրն ընդգծում է, որ ԱՄՆ-ն չի մասնակցում բանակցություններին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.