Էլդա Գրինի հիշատակին

Հոկտեմբերի 27-ին 88 տարեկան հասակում մահացել է հայտնի հայ արձակագիր և հոգեբան Էլդա Գրինը (Գրիգորյան, ամուսնական ազգանունը՝ Աբրահամյան):

Նա ծնվել է 1928թ-ի մարտի 10-ին Թիֆլիսում, մտավորականի ընտանիքում: Հայրը՝ Աշոտ Գրիգորյանը, դստերը ծննդյան վկայականում գրանցել է իր հեղափախական կեղծանունով՝ Գրին: Մանկության և ուսումնառության սկզբնական տարիներն անցել են Մոսկվայում: 1937թ-ին, երբ Գրինի հայրը քաղաքական հողի վրա ձերբակալվել և աքսորվել է, նրա ընտանիքը տեղափոխվել է Երևան: Այստեղ նա ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը: Ասպիտանտուրան սովորել է Մոսկվայում, որտեղ 1955թ-ին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ հոգելեզվաբանության գծով: Երկար տարիներ հոգեբանություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում: Հոգեբանական գիտությունների դոկտոր է: Հեղինակել է շուրջ 140 գիտական աշխատանք: Նրա՝ իրավաբանական հոգեբանության ոլորտի դասագրքերն ու ձեռնարկներն առաջինն են հանրապետությունում: 1957թ-ից սկսել է գրել հայերեն և ռուսերեն պատմվածքներ, որոնք հրատարակվել են հայկական և արտասահմանյան տարբեր թերթերում և ամսագրերում: Հայտնի է նաև հասարակական ակտիվ գործունեությամբ:

Գրինի որդին՝ հանրահայտ գեղանկարիչ Տիգրան Աբրահամյանը, բնակվում է Պրահայում: Նա 2016թ-ի փետրվարին ընտրվել է Պրահայի նկարիչների միության փոխնախագահ: Հայտնի արվեստագետը նաև մասնակցում է Չեխիայի հայ համայնքի հասարակական և մշակութային կյանքին: Ղեկավարում է «Արմենիա ակումբ» հասարակական կազմակերպությանը: Մյուս որդին՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Աբրահամյանը, Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի դեկանն է: Էլդա Գրինի ավագ դուստրը՝ Մարինե Աբրահամյանը, հանրահայտ դաշնակահարուհի է և ՀՀ վաստակավոր արտիստ, իսկ կրտսեր դուստրը՝ Աննա Էլբակյանը՝ հայ թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի, թատերական ռեժիսոր: Նա նույնպես արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

Էլդա Գրինի հեղինակած դասագրքերից և ուսումնական ձեռնարկներից առավել հայտնիներն են՝ «Գերմաներենի հնչյունային կազմի յուրացման առանձնահատկությունները հայկական դպրոցում» (Եր., 1959), «Խառնվածք» (Եր., 2002), «Դատահոգեբանական փորձաքննություն» (Եր., 2002), «Դատական գործունեության հոգեբանություն» (Եր., 2002), «Մեղք, ապաշավանք, կատարսիս» (Եր., 2005), «Հոգեբանությունը քրեակատարողական գործունեությունում» (Եր., 2007) և այլն: Նրա հեղինակած գեղարվեստական ստեղծագործությունները տպագրվել են ինչպես հայերեն, այնպես էլ՝ բազմաթիվ օտար լեզուներով: Օրինակ, նրա «Ձեռքերը» պատմվածքը տպագրվել է 35 լեզվով, այդ թվում `շվեդերեն, իսլանդերեն, չինարեն, ճապոներեն, հնդկերեն, եբրայերեն եւ այլն:   

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.