«Թուրքական հոսքի» մասին համաձայնագիրն օրենքի ուժ է ստացել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն օրենք է ընդունել, որը վավերացնում է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին Ռուսաստանի հետ ստորագրած միջկառավարական համաձայնագիրը: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» լրատվականը:

Աղբյուրի համաձայն՝ փաստաթուղթն ընդունվել է ձայների 210 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ: Առաջիկայում նախատեսվում է, որ նախագահ Էրդողանը կվավերացնի օրենքը, որից հետո այն ուժի մեջ կմտնի:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել էր, որ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման աշխատանքները կսկսվեն 2017թ-ից:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև միջկառավարական համաձայնագիր էր ստորագրվել՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագծի վերաբերյալ: Այս ծրագիրը նախատեսում է Ռուսաստանի Կրասնոդարի շրջանից Թուրքիա (ավելի կոնկրետ՝ Արևելյան Թրակիա) գնացող գազատար խողովակաշարի կառուցում, որն անցնելու է Սև ծովի տակով: Ակնկալվում է, որ գազատարի առաջին գիծը (15,75 միլիարդ խորանարդ մետր) սպասարկելու է թուրքական շուկան, իսկ երկրորդով նախատեսվում է գազն արտահանել Եվրոպա:  Նշենք նաև, որ գազամուղի կառուցման ծրագիրը սառեցված էր անցյալ տարվա նոյեմբերից, երբ թուրք-սիրիական սահմանին թուրքական զինված ուժերը խոցեցին ռուսական ռազմական ինքնաթիռը: Ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսել են այս տարվա օգոստոսին՝ Թուրքիայի նախագահի՝ Սանկտ-Պետերբուրգ կատարած այցից հետո:

Նախատեսվում է, որ ծրագիրը ավարտին կհասցվի 2019թ-ի դեկտեմբերին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.