ԱՄՆ-ն Ռուսաստանին չի դիտարկում որպես թշնամի. Էշթոն Քարթեր

ԱՄՆ-ն պետք է Ռուսաստանի հետ համագործակցի այն ոլորտներում, որտեղ երկուսի շահերը համընկնում են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Կալիֆորնիայում կայացած անվտանգության թեմայով համաժողովի ժամանակ:

Պենտագոնի ղեկավարը մեղադրել է Մոսկվային՝ Ուկրաինայում և Սիրիայում վերջինիս վարած քաղաքականության և կիբերհարձակումներ իրականացնելու մեջ: «Սրանք այն գործողությունները չեն, որ կարելի է սպասել իր քայերի համար պատասխանատու պետության կողմից: Մենք Ռուսաստանի հետ չենք ուզում ո՛չ սառը, ո՛չ էլ, առավել ևս, թեժ պատերազմի մեջ մտնել: ԱՄՆ-ն չի ցանկանում Ռուսաստանին որպես թշնամի դիտարկել, սակայն պարտավոր է պաշտպանել իր դաշնակիցներին», - հայտարարել է Քարթերն իր ելույթի ժամանակ:

Պենտագոնի ղեկավարը հիշեցրել է նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի «ռազմական աշխարհագրության» ընդլայնման և Մոսկվայի «ագրեսիվ գործողությունները» զսպելու իրենց պատրաստակամության մասին: Քարթերը սա համարում է հավասարակշռված մոտեցում իրենց կողմից:

Նշենք, ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր հաջորդ տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որը չէր նախատեսում միջոցներ հատկացնել՝ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության համար: Այս սահմանափակման վերացման նախապայմանը Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության վերացումն է: Մոսկվան աբսուրդ է համարում Արևմուտքի այս մոտեցումը:

Հատկանշական է նաև, որ հաջորդ տարվա համար ԱՄՆ Կոնգրեսը նախատեսել է 350 միլիարդ դոլար ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Ավելի վաղ՝ այս տարվա հուլիսին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշում են կայացրել դաշինքի 4000-անոց ռազմական ստորաբաժանում տեղակայել Արևելյան Եվրոպայում (ավելի կոնկրետ՝ Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում): Սառը պատերազմից հետո սա դաշինքի ուժերի ամենամասշտաբային կենտրոնացումն է տվյալ տարածաշրջանում, ինչը, իհարկե, չի կարող չանհանգստացնել Ռուսաստանի ղեկավարությանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.