Սիրիական բանակը մոտ է Հալեպի արևելյան թաղամասերն ազատագրելուն. WSJ

Սիրիական բանակը մոտ է Հալեպի արևելյան թաղամասերն ազատագրելուն և այնտեղ գործող զինյալ խմբավորումներին վերջնական ջախջախելուն: Այս մասին գրում է ամերիկյան «The Wall Street Journal»-ը դեկտեմբերի 5-ին լույս տեսած համարում:

«Հալեպի ապստամբները կարծում են, որ Բաշար Ասադի և նրա դաշնակիցների զորքերը կարողացել են ազատագրել քաղաքի տարածքների մոտ 60%-ը, որև դեռևս մեկ շաբաթ առաջ գտնվում էր ընդդիմության վերահսկողության տակ: Իրավիճակը, սակայն, շատ արագ կարող է փոխվել, և դժվար է վերջնական որևէ գնահատական տալ», - գրում է թերթը:

Աղբյուրը, մեջբերելով Հալեպում գործող զինյալ խմբավորման անդամներից մեկի խոսքը, նշում է, որ ապստամբների մարտական ոգին օրըստօրե ընկնում է, ուժերը սպառվել են. նրանք քաղաքը լքելու ելքեր են փնտրում, սակայն չեն կարողանում ճեղքել պաշարումը:

Պարբերականի հավաստմամբ՝ քաղաքի արևելյան թաղամասերում գտնվող զինյալ խմբավորման անդամները ձևավորել են մի խումբ՝ սիրիական կառավարության հետ բանակցություններ վարելու համար, սակայն այն դեռևս չի կարողանում կապ հաստատել իշխանությունների հետ: Այս բանակցությունների արդյունք կարող է լինել զինյալների՝ քաղաքի արևելյան թաղամասերը լքելը:

Ավելի վաղ Դամասկոսի ռազմական փորձագետները նշում էին, որ եկել է Հալեպի համար ճակատամարտի ամենավճռական պահը: Սիրիական բանակը կարողացել է ազատագրել քաղաքի տարածքների 65%-ը, որը 2012թ-ին զինյալների ներխուժումից ի վեր գտնվում էր վերջիններիս վերահսկողության տակ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.