Սաթենիկ Թելֆեջյանը ժառանգություն ստացած հողատարածքը նվիրաբերել է Խարբերդի մանկատանը

ՀՀ կառավարության պաշտոնական կայքը (www.gov.am) հայտնում է, որ երեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հյուրընալել է քաղաքացի Սաթենիկ Թելֆեջյանին, ով ցանկություն էր հայտնել Խարբերդ համայնքում գտնվող 31,7 հա հողատարածքը, որը նա ժառանգություն էր ստացել եղբորից, նվիրաբերության կարգով փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել տիկին Թելֆեջյանին նման նախաձեռնության համար. «Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, Ձեր՝ անհանգիստ լինելու համար, ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք»:

Տիկին Թեֆեջյանն, իր հերթին, վարչապետին հաղջողություններ է մաղթել՝ նշելով. «Ես իմ կյանքի վերջին օղակում եմ և ի սրտե ցանկանում եմ Ձեզ հաջողություններ, որ իմ հայրենիքը շատ մեծ մակարդակի վրա հասնի, մեծ հույս ունեմ»: 

Հանդիպման վերջում Սաթենիկ Թելֆեջյանը և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանը ստորագրել են հողատարածքը նվիրաբերելու փաստաթուղթը՝ նոտարի հաստատմամբ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.