Լավրովը և Շթայնմայերը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը

Գերմանիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը և Սերգեյ Լավրովը Համբուրգում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Հալեպում տիրող իրավիճակի հարցը: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով գերմանական աղբյուրներին:

Աղբյուրի հավաստմամբ՝ քննարկման առանցքային թեման եղել է սիրիական ճգնաժամը և Հալեպում տիրող իրավիճակը: Քննարկվել է նաև Եվրոպայում ընդհանուր կայունության և անվտանգության հարցը:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները զրույցի ընթացքում անդրադարձել են Ուկրաինայում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ-ի շրջանակներում տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցերին:

Ինչպես հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ-ը»՝ հղում կատարելով Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությանը՝ Շթայնմայերը Լավրովի հետ զրույցում նշել է, որ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել կրակը Հալեպում և վերսկսել քաղաքական երկխոսությունը:   

Լավրովը Հալեպում տիրող իրավիճակի հարցը քննարկել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբիի խոսքով՝ կողմերը քննարկել են հրադադարի ռեժիմ հաստատելու ուղիները և հայտնել են սիրիացի տասնյակ հազարավոր մարդկանց հումանիտար օգնություն տրամադրելու իրենց պատրաստակամության մասին:

Քերիի հետ հանդիպումից առաջ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանն աջակցում է Հալեպի վերաբերյալ ԱՄՆ-ի նախաձեռնությունը, ինչի մասին Քերին հայտարարել էր դեկտեմբերի 2-ին:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հրաժարվել է Հալեպի արևեյան թաղամասերից զինյալներին դուրս բերելու մասին դեկտեմբերի 2-ի իր առաջարկից: «Տպավորություն կա, որ դա ընդամենը ժամանակ շահելու փորձ էր, ինչը հնարավորություն կտար զինյալներին «շունչ քաշել» և վերականգնել ուժերը: Ամերիկացիների հետ չի հաջողվում Սիրիայի հարցով լուրջ երկխոսության գնալ», - հայտարարել էր Լավրովը:

Լավրովի և Քերիի նախորդ՝ Հռոմում կայացած հանդիպմանը պետքարտուղարը Լավրովին էր փոխանցել Հալեպում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկը, որը, ՌԴ արտգործնախարարի խոսքով, տեղավորվում է այս խնդրի շուրջ ռուսական մոտեցումների ծիրում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.