Ոչնչացվել է ԻՊ պարագլուխներից մեկը

Ամերիկյան օդուժը Սիրիայում ոչնչացրել է Իսլամական պետության պարագլուխներից մեկին՝ Բուբաքեր ալ-Հաքիմին, ով 2015թ-ի հունվարին մասնակցել էր ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակման կազմակերպմանը: Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Պենտագոնի մամուլի ծառայության ներկայացուցչին:

«Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակման կազմակերպմանը մասնակցած ԻՊ պարագլուխը ոչնչացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հասցրած ավիահարվածների արդյունքում», - հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյաների համաձայն՝ 33 ամյա ալ-Հաքիմը ԻՊ-ում զբաղվում էր ահաբեկչությունների ծրագրմամբ: Նշվում է նաև, որ թունիսական արմատներով ֆրանսիացի այս ահաբեկիչը Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակում կատարած Քաուշի եղբայրների ուսուցիչն է եղել:

Ալ-Հաքիմը կռվել է ամերկացիների դեմ, երբ վերջիններս 2003թ-ին ներխուժել են Իրաք: 2008թ-ին նա ձերբակալվել է Սիրիայում և ուղարկվել Ֆրանսիա՝ պատիժն այնտեղ կրելու: 2011թ-ի սկզբին ազատ է արձակվել և գնացել է Թունիս: 2014թ-ին ստանձնել է թունիսցի երկու քաղաքական գործչի սպանության պատասխանատվությունը: Պենտագոնի հավաստմամբ՝ այդ ժամանակ նա արդեն առանցքային դեր էր խաղում ԻՊ ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ:

Նշենք, որ 2015թ-ի հունվարի 7-ին հարձակում էր կատարվել ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա, ինչի հետևանքով զոհվել էր 12 մարդ, ևս 11-ը՝ վիրավորվել: Հարձակումը կատարել էին Շերիֆ և Սաիդ Քաուշիները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.