Պետք է պատժամիջոցներ կիրառել Ասադին աջակցող սիրիացիների նկատմամբ. Մոգերինի

Եվրոպական Միությունը պատրաստվում է ուժեղացնել պատժամիջոցները Ասադի ռեժիմին աջակցող սիրիացի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Մոգերինին դատապարտել է «Սիրիայում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի համատարած խախտումները» և կոչ արել՝ դադարեցնել ռեժիմի և նրա դաշնակիցների կողմից իրականացվող ռմբակոծությունները: Նա դատապարտել է կառավարական ուժերի կողմից որպես պատերազմի մարտավարության միջոց բնակավայրերը շրջափակելը և այդպիսով այնտեղ գտնվող քաղաքացիներին սովի մատնելը:

«Բոլոր նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում մադկության դեմ կատարվող այս ծանր հանցագործությունների համար, պետք է պատժվեն: Այս համատեքստում ԵՄ-ն պետք է գործի շատ արագ, համաձայն գործող ընթացակարգերի՝ նպատակ ունենալով հետագայում ռեժիմին աջակցող սիրիացի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառել», - հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:

Նշենք, որ վերջին շրջանում Հալեպում կառավարական զորքերը զգալի հաջողություններ են գրանցել: Զինյալների տիրապետության տակ է քաղաքի տարածքների ընդհամենը 35%-ը: Բազմաթիվ լրատվամիջոցներ նշում են, որ քաղաքը գրաված ահաբեկիչները  փորձել են կապ հաստատել կառավարական ուժերի հետ՝ բանակցություններ սկսելու նպատակով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.