Թուրքիան չպետք է գնահատվի այլ չափորոշիչներով. Սեբաստիան Կուրց

Եվրամիությունը չպետք է անդամակցության հարցում տարբեր երկրների դեպքում կիրառի տարբեր չափորոշիչներ. Թուրքիան, չնայած բոլոր գործարքներին և համագործակցություններին, չպետք է այլ կերպ գնահատվի քան, օրինակ, Արևմտյան Բալկանների երկրները։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։

«Իմ կոլեգաներից շատերը հույս ունեին, որ Թուրքիայում իրադարձությունների բացասական զարգացումը ժամանակավոր է։ Ոմանք կարծում էին, որ արվող հայտարարությունները երբեք իրականություն չեն դառնա, սակայն դրանք հերթով սկսեցին կատարվել՝ ԶԼՄ-ներ փակվեցին, ձերբակալվեցին բազմաթիվ լրագրողներ և ընդդիմադիր առաջնորդներ։ Ես գիտեմ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրների  գործընկեր է, գիտեմ, որ փախստականների հարցով գործարք կա այդ երկրի հետ, սակայն դա չպետք է հիմք լինի, որ Թուրքիային գնահատենք այլ չափորոշիչներով», - ասել է Սեբաստիան Կուրցը Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստի նախօրեին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ՝ ավելացնելով, որ վերջին շրջանում Թուրքիան շատ է հեռացել Եվրոպայից։

Նշենք, որ այս տարվա նոյեմբերի 24-ին Եվրոպական Խորհրդարանը բանաձև էր ընդունել, որը կոչ էր անում սառեցնել Թուրքիայի հետ բանակցությունները անդամակցության հարցով։ Սրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր Մերձավոր Արևելքի փախստականների համար բացել ԵՄ-ի հետ Թուրքիայի սահմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.