Ռուսաստանի «բարեկամը»՝ ԱՄՆ պետքարտուղարի հավանական թեկնածու

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնին նշանակելու է երկրի խոշորագույն նավթային ընկերություններից մեկի՝ «ExxonMobil»-ի ղեկավար Ռեքս Թիլերսոնին։ Այս մասին հաղորդում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը։

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա 2017թ-ի հունվարի 20-ին։ Դրանից հետո նա պաշտոնապես Կոնգրեսին հաստատմանը կներկայացնի նոր կառավարության կազմը։

 Ռեքս Թիլերսոնը 64 տարեկան է։ Ավարտել է Տեխասի համալսարանը։ Շուրջ 4 տասնամյակ աշխատել է «ExxonMobil» ընկերությունում, որտեղ սկզբում աշխատել է որպես հասարակ ինժեներ։ 1990-ականների վերջին ղեկավարել է ընկերության ծրագրերը Ռուսաստանում։

Թիլերսոնը 2006թ-ից գլխավորում է նավթային ընկերությունը։ 2012թ-ին նա «Ռոսնեվթի» հետ համաձայնագիր է կնքել Արկտիկայում հորատում կատարելու վերաբերյալ։ Սակայն 2014թ-ին «ExxonMobil» ընկերությունը ստիպված եղավ չեղարկել իր մասնակցությունն այդ նախագծում՝ Ռուսաստանի նկատմամբ Բարաք Օբամայի վարչակազմի կիրառած պատժամիջոցների պատճառով։ Հատկանշանական է, որ Թիլերսոնը հրապարակայնորեն կասկածի տակ էր դրել պատժամիջոցների արդյունավետությունը։

2013թ-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեքս Թիլերսոնին պարգևատրել է բարեկամության շքանշանով, որը Ռուսաստանի Դաշնությունում օտաերկրացիներին շնորհվող բարձրագույն պետական պարգևներից է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.