Կարլովին սպանողն ազատության զինվոր է. NY Daily News

Սյունակագիր Գերշ Կունցմանն ամերիկյան New York Daily News պարբերականում հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությանը։

Դեկտեմբերի 20-ին հրապարակված հոդվածում հեղինակը փաստացի արդարացնում է մարդասպանին՝ նշելով, որ վերջինս այդ քայլն արել է՝ ի պատասխան Սիրիայում Ռուսաստանի կատարած հանցագործությունների։

«Երբ իմացա Կարլովի սպանության մասին, առաջինը մտքիս եկավ Նացիստական Գերմանիայի դիվանագետ Էռնստ ֆոմ Ռաթը, որը 1938 թ-ին սպանվեց հրեա մի երիտասարդի կողմից։ Արդյո՞ք Ռաթին կարելի է անմեղ զոհ համարել։ Իհարկե ո՛չ։ Նույնը կարելի է ասել Կարլովի մասին։ Նա պատասխան տվեց Սիրիայում Ռուսաստանի գործած վայրագությունների համար։ Կարլովին սպանողը ոչ թե ահաբեկիչ էր, այլ ազատության զինվոր։ Ահաբեկիչներն սպանում են անմեղ մարդկանց՝ բեռնատարով տրորելով նրանց սուրբծննդյան տոնավաճառում, կամ ինքնաթիռով մխրճվելով երկնաքերների մեջ», - գրում է սյունակագիրը։

Նրա խոսքով՝ Կարլովի սպանությունն իր համար անակնկալ չէր։ «Ավելին՝ դա պետք է տեղի ունենար դեռ ամիսներ առաջ», - գրում է հեղինակը։

Հոդվածի վերջում Կունցմանը հույս է հայտնում, որ պատմությունը կարդարացնի Մևլութ Մերթ Ալթընթաշին, ինչպես արդարացրեց Երրորդ Ռեյխի դիվանագետին սպանած հրեա երիտասարդին և ազատության համար կռվող շատ շատերին։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայի Ժամանակակից արվեստների կենտրոնում ցուցահանդեսի ժամանակ սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը։ Մարդասպանը, որը ոչնչացվել է հատուկ գործողության արդյունքում, 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշն է։ Նա Իզմիրի ոստիկանական դպրոցի շրջանավարտ է, 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։

Տեղի ունեցածի առթիվ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդես էին եկել հայտարարությամբ՝ դեսպանի սպանությունը որակելով որպես ահաբեկչություն։

Ավելի ուշ Սիրիայում գործող «Ջաբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը պաշտոնապես ստանձնել էր սպանության պատասխանատվությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.