ՄԱԿ-ում հակաիսրայելյան բանաձև է ընդունվել

Դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իսրայելին կոչ է արվում դադարեցնել բնակավայրերի կառուցումը Պաղեստինի օկուպացված տարածքներում։ Այս մասին հաղորդում է Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական կայքը։

Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 14 երկրի ներկայացուցիչներ։ Ձեռնպահ է մնացել միայն Միացյալ Նահանգների պատվիրակը։

Ինտերֆաքսի տվյալների համաձայն՝ բանաձևի նախագիծը ներկայացրել է Եգիպտոսը, որն ավելի ուշ հանել էր նախագիծն օրակարգից։ Դրանից հետո, սակայն,  Նոր Զելանդիան, Մալազիան, Սենեգալն ու Վենեսուելան կրկին խորհրդի քվեարկությանն էին դրել վերոնշյալ բանաձևը։

Ընդունված բանաձևի տեքսում մասնավորապես նշված է. «Կոչ ենք անում Իսրայելին անմիջապես և ամբողջությամբ դադարեցնել Պաղեստինի օկուպացված տարածքներում, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում բնակավայրերի կառուցումը։ Դա չունի իրավական հիմք և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն հրաժարվել է կիրառել վետոյի իր իրավունքը։ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Դենի Դենոնը քննադատել էր ԱՄՆ-ին՝ վերջինիս դիրքորշման համար և հույս հայտնել, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի վարչակազմը և ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը Իսրայելի և ՄԱԿ-ի հարաբերություններում նոր դարաշրջան կբացեն։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր վրդովմունքն է հայտնել ընդունված բանաձևի կապակցությամբ և հայտարարել, որ Իսրայելը չի պատրաստվում կատարել բանաձևի պահանջները։

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով ՄԱԿ-ին, թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ ամեն ինչ կփոխվի հունվարի 20-ից հետո (հունվարի 20-ը Դոնալդ Թրամփի երդմնակալության օրն է)։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.