Ամանորի նախաշեմին հայ-ադրբեջանական բախումների հետևանքով մարդկային կորուստներ են գրանցվել

2016 թ. դեկտեմբերի 29-ի առավոտյան ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրած գրառման միջոցով տեղեկացրեց, որ Ադրբեջանի Զինված ուժերը դիվերսիոն գործողություններ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ։
Մեր պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղարի տեղեկացմամբ՝ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ, կիրառվել է դիպուկահարների և նռնականետերի կրակ։
Գրառումից ժամեր անց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է հայազգի 3 զինծառայող։
Ավելի ուշ հրապարակվեցին նաև զոհված զինծառայողների անունները՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյան, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայան և Էրիկ Գարիկի Աբովյան: Հովհաննիսյանն ավելացրել էր, որ հակառակորդը հետ է շպրտվել՝ կրելով մարդկային կորուստներ։
​Կեսօրին արդեն Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում կատարեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որի միջոցով տեղեկացնում էր, որ հայկական և ադրբեջանական ուժերի բախման հետևանքով թշնամին նահանջել է՝ կրելով 7 զոհ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.