Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտի դիակը
2017 թ. հունվարի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել, որում հայկական կողմին կոչ են անում վերադարձնել դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողի դիակը։ Այս մասին հաղորդում է ԵԱԿՀ պաշտոնական կայքը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի մեջ։ Հայկական կողմը դեռ իր մոտ է պահում մարտի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորի դիակը։
Հրադադարի ռեժիմի խախտումն անընդունելի է և հակասում է կողմերի ստանձնած՝ ուժի կիրառումից զերծ մնալու հանձնառությանը։ Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում պահպանել 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև վերադարձնել աճյունները՝ հաշվի առնելով հարցի բացառապես հումանիտար կողմը։
Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնց ամանորյա հույսերը մթագնել են անիմաստ կորստի վշտից»։
Նշենք, որ 2016 թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը դիվերսիոն գործողություններ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ։ ՀՀ Զինված Ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ, ինչի հետևանքով զոհվել է հայազգի 3 զինծառայող։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի հաղորդած տվյալների համաձայն՝ թշնամին նահանջել է՝ կրելով 7 զոհ։