Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարի 9-ին տարածած հայտարարությանը՝ 2016 թ. դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված Ուժերի նախաձեռնած դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքը (mfa.am)։

Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «Համանախագահներն անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապես հետևողականորեն բարձրաձայնում ենք: Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետևաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի և զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը։ Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռնի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեև, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել:

Հուսով ենք, որ եռանախագահները հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են բազմիցս շեշտել՝ 1994-1995թթ զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարումը պարտադիր է, դրանց խախտումների հետևանքով արձանագրված միջադեպերն անընդունելի են և լուրջ վնաս են հասցնում կարգավորման գործընթացին:

Այն պայմաններում, երբ Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննության մեխանիզմի ներդրումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, համանախագահները մնում են այն եզակի ձևաչափը, որն իր մանդատի համաձայն կարող է և պետք է շարունակի իր կանխարգելիչ գործունեությունը»։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում հայկական կողմին կոչ էին անում վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտի դիակը։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.