Ամերիկացիների ավելի քան 60%-ը դրական է գնահատել Օբամայի գործունեությունը

Ամերիկացիների մոտ երկու երրորդը դրական է գնահատել Բարաք Օբամայի նախագահական գործունեությունը։ Այս մասին են վկայում CBS հեռուստաընկերության անցկացրած սոցհարցման արդյունքները։

Սոցհարցմանը մասնակցած ամերիկացիների 62%-ը կարծում է, որ Օբաման հաջողությամբ է կատարել նախագահական պարտականությունները։ Ընդ որում՝ հարցվածների 55%-ը նրան համարել է «լավ նախագահ», իսկ 30%-ը՝ «շատ լավ նախագահ»։

CBS հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ամերիկացներն ամենից շատ գոհ են արտաքին քաղաքականության և տնտեսության ոլորտներում Օբամայի իրականացրած միջոցառումներից։ Նշվում է, որ այժմ նրա վարկանիշը նույնն է, ինչ նախագահ դառնալու ժամանակ։ 2009 թ. անցկացված հարցման մասնակիցների 60%-ը խոստովանել է, որ Օբաման լավ տպավորություն է թողնում իրենց վրա։

Ուսումնասիրության հեղինակները փաստում են, որ Օբամայի գործունեության վերաբերյալ հանրապետական կուսակցության համակիրների գնահատականը մեծապես տարբերվում է դեմոկրատական կուսակցության համակիրների գնահատականից։ Դեմոկրատների 90%-ից ավելին դրական է գնահատում Օբամայի նախագահական գործունեությունը։ Հանրապետականների շրջանում այդպիսի կարծիք ունի հարցվածների մոտ մեկ երրորդը։

Հեռուստաընկերությունը նշում է, որ Օբաման նախագահական լիազորություններն ավարտում է բավական բարձր վարկանիշով։ 1981 թվականից ի վեր ավելի բարձր ցուցանիշ են գրանցել միայն Բիլ Քլինթոնը (68%) և Ռոնալդ Ռեյգանը (68%)։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.