Աստանայում մեկնարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները

Այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունները։ Հանդիպումն անցկացվում է Rixos հյուրանոցում. գրում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպման գլխավոր հարցը, որը պետք է քննարկեն հավաքված պատվիրակությունների անդամները, հրադադարի ռեժիմի պահպանումն է և քաղաքական բանակցային գործընթացի կազմակերպումը Ժնևում փետրվարի 8-ին կայանալիք խորհրդակցությունների նախաշեմին։

Բանակցություններին մասնակցում է 7 պատվիրակություն. Սիրիայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները, դեկտեմբերի 29-ի հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները, ՄԱԿ-ի խումբը՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի գլխավորությամբ և Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քրոլը՝ որպես դիտորդ։

Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է սիրիական հակամարտության կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Իրանի պատվիրակության ղեկավարը արտգործնախարարի տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին է, իսկ Թուրքիայինը՝ արտգորնախարարի խորհրդականի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տեղակալ Սեդաթ Օնալը։ Սիրիայի իշխանության պատվիրակությունը ղեկավարում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին։ Ընդդիմությունը ներկայացնում են Սիրիայի հյուսիսում, կենտրոնում, մասամբ նաև հարավում գործող զինված խմբավորումները։ Վերջիններիս հիմնական բանակցողը «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման ներկայացուցիչ Մուհամմեդ Ալյուշն է։

Նախատեսված է, որ բանակցությունները կավարտվեն հունվարի 24-ին՝ տեղի ժամանակով ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին – խմբ. ), իսկ ամփոփիչ մամուլի ասուլիսը կսկսվի14:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին – խմբ.)։ Հանդիպման կազմակերպիչներն ու մասնակիցները չեն բացառում, որ, անհրաժեշտության դեպքում, բանակցությունները կարող են նախատեսվածից երկար տևել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.