Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետերը

ՀՀ կառավարության պաշտոնական կայքը (www.gov.am) գրում է, որ ՀՀ վարչապետի Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՌԴ վարչապետի կեցավայրում տեղի է ունեցել Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:
Աշխատանքային նախաճաշի շրջանակում, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: 
Համագործակցության ավանդական ուղղություններից բացի, կողմերը քննարկել են նոր ուղղություններով գործակցության ընդլայնմանը նոր թափ հաղորդելու, ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով հայաստանյան բիզնեսում ներգրավելու հետ կապված հարցեր: 
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները, որպես օրակարգային առանցքային կետեր, առանձնացրել են համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը և ԵԱՏՄ ձևաչափով առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը:
Ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում՝ Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը և դրանում ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությանը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևորել է առաջարկը և կարծիք հայտնել, որ ռուսական ընկերություններն այդ հարցում հետաքրքրություն կդրսևորեն:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև լիզինգային կամ այլ հիմունքներով Հայաստանին գյուղտեխնիկայի տրամադրման հարցին, կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնման գաղափարը:
Պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ավարտին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրվել:
Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի (ՌԴ) միջև՝ 2015 թ. հոկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման ու միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման մասին» արձանագրությունը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ.» ծրագիրը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարության միջև համագործակցության հուշագիրը:
Կողմերը հայտագրեր են փոխանակել 2000թ. սեպտեմբերի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համաձայնագիր:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վարչապետերը հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

 

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.