Բելառուսը Ադրբեջանին է հանձնել Արցախ այցելած բլոգերին

Նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների պահանջով ձերբակալվել էր հայտնի բլոգեր Ալենքսանդր Լապշինը, որն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն։ Ձերբակալման մասին newsru.co.il կայքի հայտնած լուրն ավելի ուշ հաստատել էր հենց ինքը՝ Լապշինը՝ գրառում կատարելով «ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում։

Ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հայտնի բլոգերը հետախուզվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ «Պետական սահմանը հատելու» մասին Ադրբեջանի Հանրապետության օրենքը խախտելու համար։ Խոսքն, առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության, Արցախ այցելելու մասին է։

2011 թ. ԼՂՀ այցելելուց հետո նա հայտնվել էր Ադրբեջանի իշխանությունների «սև ցուցակում»։ Հատկանշական է, որ դրանից հետո՝ 2015 թվականին, Լապշինն այցելել է Ադրբեջան՝ ուկրաինական անձնագրով։

Դեկտեմբերի 18-ին Իսրայելի արտգործնախարարությունը դիմել էր Բելառուսի իշխանություններին՝ խնդրելով հայտնի բլոգերին չարտահանձնել Ադրբեջանին։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես անդրադարձել էր Լապշինի ձերբակալմանը։ Հունվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը նշել էր, որ իրենք դեմ են Լապշինի արտահանձմանը Բաքվին։ «Մենք դեմ ենք, որ ՌԴ քաղաքացին արտահանձնվի այլ պետության։ Մեր դիվանագետները մշտապես կապի մեջ են Լապշինի հետ», - ասել էր ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Հունվարի 20-ին Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Լապշինը բողոքարկել էր արտահանձնման մասին որոշումը, սակայն Մինսկի քաղաքային դատարանը մերժել էր այն։

Օրեր առաջ նա նույն պահանջով դիմել էր նաև Բելառուսի Գերագույն դատարան, սակայն այստեղ նույնպես մերժում էր ստացել։

Երեկ՝ փետրվարի 7-ին, Ալեքսանդր Լապշինը հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքվի օդանավակայան, որտեղից էլ Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցները նրան տեղափոխել են մեկուսարան։

Լապշինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածով։ Նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.